ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին: Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը, ժամը 8.30-ից մինչև 13.30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի եվրապատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117 հազար դրամ:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ: Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում:
Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը:
Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
--00—ՍՊ