Կիևում մեկնաբանել են ՀՀ-ի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը շատ ճիշտ է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոդոլյակն այդ մասին ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։ 

Պոդոլյակն ասել է, որ Եվրոպան հեռանկարային շուկա է, այնտեղ կա բարձր մրցակցություն, բայց միևնույն ժամանակ քո տեղը զբաղեցնելու, ֆինանսական ու տեխնոլոգիական մեծ հնարավորություններին հասանելիություն ստանալու հնարավորությամբ։ 

«Հայաստանի համար, իմ կարծիքով, սա օպտիմալ տարբերակ է։ Դու ինտեգրվում ես ժամանակակից գլոբալ հանրությանը, սա բաց աշխարհ է, սահմանները բաց են, և դա կտրուկ կբարձրացնի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը հենց Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրոպական ինտեգրացիան միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք ձեզ հետ միասին նույն դաշտում ենք. դա նախկին խորհրդային դաշտն է, որը Ռուսաստանը իրենն է համարում»,- ասել է Պոդոլյակը։ 

Նա նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան մաքսիմալ ձևով կավելացնի Հայաստանի վրա ճնշումը, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, ինչպես նաև մշտապես կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը։ 

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ հետխորհրդային տարածքն անբարեկարգ, քանդված և քաոսային վիճակում լինի, և որ Ռուսաստանից բացի որևէ մեկը չկարողանա այդ տարածքներում ծրագրեր իրականացնել և հնարավորություն տալ, որ մարդիկ ապրեն այլ մակարդակում»,- ասել է Պոդոլյակը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կարող է դոմինանտ լինել միայն այնտեղ, որտեղ շատ թույլ շուկաներ են, տեխնոլոգիական զարգացումը թույլ է, իսկ կյանքի որակը նվազ մակարդակի վրա է, քանի որ այդպիսի երկրների հետ կարելի է սպեկուլյատիվորեն սակարկել և ենթարկվելու դիմաց գազը 20 տոկոսով էժան վաճառել։ 

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ 

--00--ԱՀ