ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
2020 թվականի ապրիլի 20-ին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Հալեպում գտնվող ծերերի տանը օթևան գտած միայնակ ծերերը և մանկատան սաները ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են: Նրանց մշտապես սննդամթերք և բժշկական օգնություն է ցուցաբերվում: Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի և կենցաղային այլ խնդիրների բարելավման համար: Մանկատան աշխատակիցներն ու երեխաները և Հայ Ծերանոցի ղեկավարը իրենց շնորհակալությունը հայտնեցին նվիրատուներին և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներին մշտական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: