ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվել և իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի թվով 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և ՀՀ նախաքննական մարմիններում քննվում է 19 քրեական գործ:
Ըստ՝ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41.587.000 ՀՀ դրամը: