ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ 24News-ն այդ մասին տեղեկացավ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանից։
«Դատական նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Նույն դատավորին են մակագրվել նաև պաշտպանական կողմի բողոքները», - հավելեց փաստաբանը։
Տեղեկացնենք, որ Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Ծառուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով շինծու։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ