ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Նախորդ դատական նստին պաշտպանները Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել:
Ավելի վաղ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: