ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ներկայացված միջնորդությունն ու փաստաթղթերը հիմնազուրկ և չփաստարկված են, անմեղության կանխավարկածի շեմը նույնիսկ հաղթահարված չէ, քննիչի միջնորդությունը պետք է մերժվի», - նշեց Խաչատրյանը։
Էմին Խաչատրյանը հավելեց, որ հակառակ դեպքում Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնեն, կան նաև այլ նախատեսված գործողություններ, սակայն, մարտավարությունից ելնելով, չցանկացավ մանրամասնել։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։ Ծառուկյանն այս գործում որպես մեղադրյալ է ներգրավվել։
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ