«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

հասարակական

«Լիդիան Արմենիան» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ կրթաթոշակներ կնշանակի Ամուլսարի համայնքի ուսանողներին։

«Նոր ուսումնական տարվա սկզբին՝ հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը  և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր` «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: 



Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը: 



Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող  առաջին 15 դիմումատու ուսանողներին: 



Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողները իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`



Գնդեվազ – 043 404714

Գորայք – 043 404710

Սարավան – 043 404715

Ջերմուկ/Կեչուտ – 043 404751


Կամ՝ ուղարկել դիմումները info@lydianarmenia.am:



Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Կրթված ու արդար աշխատանքով իր ապագան կերտող երիտասարդությունն է ամուր պետության հենասյունը»,-ասված է հայտարարության մեջ: 

--0--ԿԿ