Ամերիկա-ռուսական երկխոսության օրակարգում թևածելու է ՆԱՏՕ տրանսֆորմացիայի գաղափարը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

фф

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ 

«Էր Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցային «մարաթոնի» մեկնարկի ֆոնին, Աննկարա է այցելել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, բայց այսօր տեղի է ունեցել դրանից ավելի կարեւոր մի իրադարձություն:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ:

Հայաստանում որքան է խոսվել այն մասին, թե ռուս-թուրքական հարաբերությունների արդյունքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, որպեսզի քանդի ՆԱՏՕ-ն: Պարբերաբար նշել եմ, որ, ինչքան էլ Ռուսաստանն ու Թուրքիան ունենան մարտավարական գործակցություն, Թուրքիան ՆԱՏՕ անդամությունը երբեք չի դնի դրա «զոհասեղանին»: Եվ դա այն պարզ պատճառով, որ ՆԱՏՕ անդամությունը Ռուսաստանի հետ հարաբերությունում Թուրքիային ուժն է, ավելին՝ ներուժ  ձեւավորող հազվադեպ առանցքային խաղաքարտերից մեկը: Մի բան է ՆԱՏՕ անդամ Թոււրքիան, եւ բոլորովին այլ բան՝ Թուրքիան առանց ՆԱՏՕ անդամության:

Ավելին, Թուրքիան ինքը եղել է, կա ու առավել եւս լինելու է ՆԱՏՕ պահպանման գլխավոր շահառուներից մեկը: Իհարկե, եթե օրինակ ստանա անվտանգության առավել հարմարավետ եւ ցանկալի միջազգային մեխանիզմ, կարող է նաեւ փոխել մոտեցումը: Բայց, դա տեսականում: Գործնականում Թուրքիան իր համար այսօր չի տեսնում ավելի լավ տարբերակ, քան ՆԱՏՕ-ն: Այդ կոնֆիգուրացիայում նա ունի հիմնարար, ռազմավարական նշանակության դիրք: Դեռեւս չի նշմարվում այլ կոնֆիգուրացիա, որտեղ Թուրքիան կարող է ունենալ ՆԱՏՕ անդամության համատեքստում համեմատելի դիրք: Խոսքը ոչ միայն աշխարհագրական, այլ աշխարհաքաղաքական-ռազմա-քաղաքական դիրքի մասին է:

Այդ առումով է, որ խիստ հատկանշական է Էր Ռիյադում բանակցության ֆոննին Էրդողանի հեռախոսազրույցը Ռյուտեի հետ: Որովհետեւ, կասկածից վեր է, որ ամերիկա-ռուսական երկխոսության օրակարգում որեւէ կերպ թեւածելու է ՆԱՏՕ տրանսֆորմացիայի գաղափարը, որովհետեւ այդ հարցը ինքնին «անկախ» օրակարգային հարց է ԱՄՆ ադմինիստրացիայի համար: Հետեւաբար, հենց Վաշինգտոնն է շահագրգռված լինելու այդ առնչությամբ ուղղակի, թե անուղղակի քննարկումներ ծավալել Մոսկվայի հետ:

Շեշտեմ, խոսքը ՆԱՏՕ լուծարման կամ կազմաքանդման մասին չէ, այլ անուղղակիորեն՝ անվտանգության նոր ճարտարապետության մասին: Հենց այդ հեռանկարները շոշափելով է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդեն ամիսներ է, որ խոսում է եվրոպական անվտանգության նոր համակարգի անհրաժեշտության մասին, հիանալի պատկերացնելով, որ ԱՄՆ գործնականում կարող է կորցնել հետաքրքրությունը ՆԱՏՕ հանդեպ եւ այդ հարցը դարձնել իր համար աշխարհաքաղաքական սակարկության խաղաքարտ:

Ֆրանսիային սա իհարկե այդքան էլ չի մտահոգում: Ֆրանսիայի խնդիրը նոր համակարգում առաջնորդող տեղն է: Ավելին, Ֆրանսիան առանձնապես երբեք էլ մեծ ոգեւորություն չի ունեցել ՆԱՏՕ առնչությամբ եւ խոշոր հաշվով նաեւ առանձնահատուկ ռեժիմ է ունեցել բլոկի ռազմական բաղադրիչի  հանդեպ:

Իսկ ահա Թուրքիայի համար սա իսկապես լուրջ մտահոգության հարց է, որովհետեւ ՆԱՏՕ հնարավոր տրանսֆորմացիան եւ դերի ու կշռի նվազումը ուղղակիորեն բերելու է Անկարայի դերի ու կշռիօ նվազման:

Ըստ այդմ, Թուրքիան ոչ թե ՆԱՏՕ ականն է, այլ թերեւս՝ առաջին պահապան-շահառուներից մեկը:

Կստացվի՞, թե՞ ոչ: Սա իհարկե միայն Անկարայից կախված հարց չէ»:
 

--00—ՍՊ