ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել առևանգված «Բոինգ-737» ինքնաթիռի մասին։
«Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ «Բոինգ-737W օդանավը:
Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիոն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ արդյունք է:
Եվ որ դրա արդյունքում Հայաստանը ամրագրում է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում», ու կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:
Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան այս հարցին: Ոչ մի օր շունչ քաշելու հնարավորություն չտվին այս խաբեության հեղինակներին և իրենց պասիվությամբ նրա իրականացմանը սատարող պետական պաշտոնյաներին:
Բոլորին հասկանալի դարձավ կատարվածի ամբողջ իմաստն ու խորությունը:
Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանատունը...
Մի խոսքով, մենք ձեր օգնությամբ, հարգելի՛ լրագրողներ և սիրելի՛ հանրություն, հասանք գլխավոր նպատակին.
-Օդանավը վերադարձվեց Հայաստան,
-Հայաստանը խուսափեց ԱՄՆ հավանական պատժամիջոցներից։
Բայց խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել:
Նախ և առաջ դեռ չի պարզաբանվել, թե ԻՆՉՊԵ՞Ս այս գործարքը տեղի ունեցավ:
Էս ամեն ինչը իրենց ապիկարությամբ ու հանցագործ անգործությամբ սատարած պետական չինովնիկները հպարտությամբ են հայտարարում, որ տեսա՞ք, կարողացանք հետ բերենք: Տեսանք: Տեսանք, որ դա ԱԳՆ չարչարանքի արդյունքում ստացվեց:
Իսկ ցույց կտա՞ք տեսնենք, թե Ո՞ՆՑ էդ առևանգումը հնարավոր դարձավ իրագործել:
Վարչապետի պաշտոնակատարը կբացատրի՞, թե ո՞նց ու ինչո՞ւ իր վարչապետ եղած ժամանակ մատների արանքով անգամ չնայեց իր սեղանին դրած, ԱԱԾ հետաքննության ուղարկած Զեկուցագրին, որում բառացիորեն նկարագրված էր էս սցենարը,
- Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված «Fly Armenia» ընկերությունում, բայց, չգիտես ինչու, կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-.... գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվու՞մ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք՝ Օման, թռչելու: Ու կա՞ գարանտիա, որ սա էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարելու:
Հիշեցնեմ, որ 2019 թ․ հուլիսի սկզբին ձեր խոնարհ ծառան ՀՀ ՔԱԿ նախագահի նախկին տեղակալ Արսեն Պողոսյանի հետ համագործակցությամբ կանխեց կեղծ կիրգիզական գրանցմամբ «Աէրոբուս-310» օդանավի նմանատիպ առևանգման փորձը...
Դե, հարցեր էլի կան, իհարկե:
Բայց էսքանի պատասխանն առ այժմ կբավարարեր ինձ»,-գրել է Ճաղարյանը:
--00—ԼՄ