Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ամանթ

24News-ի սիրելի ընթերցողներ ու հեռուստադիտողներ, հայրենակիցնե՚ր.

Անցած տարին լի էր ողբերգություններով, տարատեսակ փորձություններով ու արհավիրքներով։ Մեր լրագրողները, շատ դեպքերում ստիպված լինելով զսպել իրենց հույզերը, զգացողություններն ու արցունքները, լուսաբանեցին ամենածանր իրադարձությունները՝ Արցախի գաղթից մինչև Եռաբլուրում մեր տղաների հուղարկավորություններ, մանկահասակ երեխաների կորուստներ ու հայրենազրկում։

Մենք փորձեցինք ձեզ մատուցել անաչառ տեղեկատվություն, օպերատիվ ու հավաստի լուրեր, հրավիրեցինք մեր ստուդիա ամենատարբեր գործիչների՝ քաղաքական, հասարակական մշակութային։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ծանր պատմական շրջանում լրատվության դերը կրկնակի պատասխանատու ու կարևոր է, որ անհրաժեշտ է ոչ թե բաժանել, այլ փորձել միավորել, ոչ թե ատելության խոսք տարածել, այլ փորձել տարածել սեր առ բզկտված երկիր։ Մենք հասկանում ենք, որ մեզնից էլ շատ բան է կախված, որ մենք էլ մեր առաքելությունն ունենք։ 2024-ին այդ առաքելությունն ընդունում ենք նորոգված, պատրաստ նորանոր փորձությունների և մեծ հույսով, որ ձեզ ենք տեղեկացնելու ծնունդների, այլ ոչ թե անժամանակ հուղարկավորությունների, հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների մասին։

Աստված պահի ու պահպանի բովանդակ հայ ժողովրդին ու Հայաստան աշխարհը։

24News-ի խմբագրություն։

--00--ԼՀ