«Օրենքով գող» «Վիտյա Թբիլիսկին»-ն կրկին դատարանի առջև կկանգնի. «ռազբորկա» է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

փ.

«Օրենքով գող» «Վիտյա Թբիլիսկին»-ն կրկին դատարանի առջև կկանգնի, այս անգամ՝ Երևանում՝ նոյեմբերի 17-ին՝ ցերեկային ժամին մեկ այլ «Օրենքով գողի»՝ Արսեն Երևանսկու, հետ հայտնի «ռազբորկաների» համար։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առնչությամբ քրեական գործից անջատված մասով՝ «Վիտյա Թբիլիսկիի»՝ Վիտալի Ավդիանիի և նրա խմբավորման անդամ Միքայել Շամոյանի վերաբերյալ, ուղարկվել է դատարան։

Այժմ քրեական գործն այս մասով գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում։ Այս պահին կալանքի տակ է Վիտալի Ավդիանին, Շամոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այս գործը, ինչպես նշվեց, վերաբերում է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած դեպքին։ Այս դեպքից ընդամենն օրեր առաջ՝ հոկտեմբերի 27-ին Վիտալի Ավդիանին ազատվել էր կալանքից՝ այլ քրեական գործի շրջանակներում և, փաստացի, ազատվելուց շատ կարճ ժամանակ անց վերադարձել է ՔԿՀ՝ նոր գործով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ օրվա ցերեկային ժամերին՝ ժամը՝ 16,00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում «Օրենքով գողեր» «Արսեն Երևանսկու» և «Վիտյա Թբիլիսկիի» միջև վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաև նրանց կողմնակիցները։ Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել, հայհոյանքներ հնչեցվել։ Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին էին ներկայացվել միջադեպի 12 մասնակից, այդ թվում՝ Արսեն Մկրտչյանը։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նույն քրեական վարույթով ավելի ուշ հայտնաբերվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է նաև «Վիտյա Թբիլիսկին»։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթին: Մ.Շ.-ի և Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

--00—ԼՀ