ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի մասին նախագիծը։
Նախագիծը պետք է անցնի ներքին օրենսդրական բոլոր շրջափուլերը, մասնավորապես՝ գործադիրը օրինագծին հավանություն տալուց հետո այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
Բարձր դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունելու պարագայում փաստաթղթի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ռատիֆիկացիայի՝ վավերացման։
Նախագծի մեկ այլ դրույթով էլ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նախատեսվում նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Նշենք, որ նախագիծը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում և հավանության արժանացնելու հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։
Օրենքի և որոշման նախագծերը, հիմնավորումն ու կից անհրաժեշտ փաստաթղթերը ևս տեղադրված են գործադրի կայքում։
--00—ԱՊ