«Ձեր հարցերը մեր մեդիային տվեք»․ ՀՖՖ ղեկավար կազմը հրաժարական կտա՞ անփառունակ ելույթներից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

8

Հայաստանի ազգային հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակը երեկվանից էլ ավելի է շիկանում։ Ազգերի լիգայի՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի 0-2 պարտությունից հետո՝ մինչ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես էր գալիս հետխաղային մամուլի ասուլիսով, Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ Պետրակովն այլևս չի գլխավորի մեր ընտրանին։

Հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի միակ մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, ուկրաինացի մարզիչը չէր, այդ իսկ պատճառով երկրպագուները՝ FAF-ի գլխավորությամբ, խաղից հետո գնացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենքի դիմաց՝ պահանջելու ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպում, սակայն վերջինս անարձագանք թողեց երկրպագուների պահանջը։

 Բազմաթիվ երկրպագուներ երեկվանից պահանջում են նաև ՀՖՖ ներկայիս ղեկավար կազմի հրաժարականը։ 

24News-ը փորձեց ստանալ ներկա պահին հուզող օրակարգային մի քանի հարցերի պատասխաններ թե՛ ՀՖՖ-ից, թե՛ FAF-ից։ 

Ֆեդերացիայի խոսնակ Հայկ Կարապետյանը, նախ շատ դժվարությամբ պատասխանեց մեր զանգերին և նամակներին, ապա հանդիպման լինելու և զբաղվածության պատճառաբանությամբ գրավոր հարցում պահանջեց մեր այն հարցերի համար, որոնց, ըստ էության, կարելի էր և միանգամից պատասխանել․ 

1․ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու որոշումը կայացվել էր նախապե՞ս, թե՞ խաղի ելքը վճռորոշ դարձավ, 

2․ Կա՞ այս պահին արդեն ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուի անուն՝ հաշվի առնելով, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը դեռևս մրցելույթներ ունի, 

3․ Պատրաստվում են արդյոք ՀՖՖ նախագահը և փոխնախագահը հրաժարականի դիմում ներկայացնել՝ անսալով երկրպագուների պահանջին, ինչպես նաև՝ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։ 

Նշենք, որ մեր խնդիրները ոչ միայն միջազգային մրցելույթներում են, այլ նաև ՀՖՖ ղեկավար կազմից դժգոհություններ են հայտնում ներքին առաջնության ներկայացուցիչները։ 

Այդուհանդերձ, 24News-ին հաջողվեց կապ հաստատել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ, որը, ըստ տեղեկությունների, ավելի շատ է ղեկավարում Ֆեդերացիան, քան հենց նախագահը՝ Արմեն Մելիքբեկյանը։ 

Նիկողոսյանը մեր հղած հարցերին ի պատասխան՝ նշեց․ «Խնդրում եմ, Ձեր բոլոր հարցերը տվեք մեր մեդիային, էլի, «ես բան եղա», պատասխանեցի Ձեր հեռախոսին, բայց գոյություն ունի կարգ»։ Երբ տեղեկացրինք, որ մեդիան շատ ուշ է պատասխանում և ստիպված ենք իրեն զանգել, վերջինս հավաստիացրեց․ «Կպատասխանեն»։ Նիկողոսյանին հստակ ձևակերպված հարց ուղղեցինք՝ պատրաստվու՞մ են արդյոք նա և ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանը հրաժարական ներկայացնել․ «Հիմա դուք ինձ հարց եք տալի՞ս, ես Ձեզ պատասխանեցի՝ մեր մեդիան կպատասխանի»,- ասաց ՀՖՖ փոխնախագահը։ 

FAF-ից էլ մեզ պատասխանեցին, որ հնարավոր է՝ հանդես գան մամուլի ասուլիսով և պատասխանեն հնչող բոլոր հարցերին։ 

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում հանդես եկող Հայաստանի հավաքականն այս պահին 4 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում, զիջելով՝ Հյուսիսային Մակեդոնիային երեկվա 0-2 հաշվով կրած պարտությունից հետո։ Երրորդ հորիզոնականում է Լատվիան՝ 4 միավորով և աղյուսակը եզրափակում է Ֆարերյան կղզիները՝ 3 միավորով, որի հետ արտագնա խաղում Հայաստանի հավաքականը վերջին րոպեներին կարողացավ ոչ-ոքի կորզել։ 

Նշենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականն ունի անցկացնելու դեռ 2 խաղ՝ նոյեմբերի 14-ին տանը կհյուրընկալի Ֆարերյան կղզիներին, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 17-ին, կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ