ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ԱՄՆ-ն դադարեցրել էր զենքի մատակարարումներն Ուկրաինային, սակայն արդեն վերսկսել է դրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
Նշվում է, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումներն Ուկրաինային վերսկսվել են անցած հանգստյան օրերին՝ փետրվարի 1-2-ին։
Աղբյուրներից երկուսի տվյալներով՝ Վաշինգտոնը սկզբում նախատեսում էր դադարեցնել Կիևին մատակարարվող ամբողջ օգնությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տարաձայնություններ կան՝ կապված ամերիկյան զինանոցներից սպառազինության փոխանցումների ծավալի հետ։
Ըստ Reuters-ի՝ ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը վատ կանդրադառնար Կիևի մարտունակության վրա, և խաղաղության շուրջ բանակցություններում Ուկրաինան ոչ շահեկան դիրքում կհայտնվեր։
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Պաշտոնավարման վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ԱՄՆ պահեստներից ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք էր տրամադրել Ուկրաինային։
Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ոչ մի նոր օգնության փաթեթի մասին չի հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ Ջո Բայդենի կողմից հաստատված փաթեթները շարունակում են մատակարարվել։
--00--ԱՀ