ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Գեղարդ» հիմնադրամ․ Իրանական և համաշխարհային մշակույթի նշանավոր գործիչներ Նեզամի Գյանջավին (12-րդ դար) և Ջալալ Ադ-դին Մուհամմադ Բալխին (13-րդ դար) թուրք-ադրբեջանական մշակութային յուրացման թիրախներից են։ Ջալալ Ադ-դին Մուհամմադ Բալխին (նաև՝ Մոուլավի, Մոլանա) ծնվել է 1207 թվականին Խորասանի Բալխ քաղաքում (այժմ՝ Աֆղանստան)։ 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռումի սելջուկյան սուլթանության մայրաքաղաք Կոնիա (այժմ՝ Թուրքիա) և իր գործունեությունը ծավալել այնտեղ։ Նրա «Մասնավի-ե մաանավի [Պոեմ բարոյագիտական]» կրոնափիլիսոփայական-միստիկական ստեղծագործությունն աստվածային լույսին հասնելու ճանապարհի գեղարվեստական արտացոլումն է, որն իր նմանօրինակը չունի համաշխարհային գրականության մեջ։
Մոլանայի այս և մյուս ստեղծագործությունների հիմնական լեզուն պարսկերենն է։ Այնքան խորն ու ազդեցիկ են եղել Մոլանայի կրոնափիլիսոփայական գաղափարները, որ նրա մահից հետո աշակերտները հիմնել են մեվլավիյյե սուֆիական միաբանությունը՝ հայտնի նաև «Պտտվող դերվիշներ» անունով։ Պարսկերեն ստեղծագործած և իրանական մշակույթին անխզելիորեն կապված այս հեղինակի միակ կապը թյուրքականության հետ Թուրքիայի տարածքում գտնվող Կոնիա քաղաքն է, որտեղ գործունեություն է ծավալել Մոլանան։ Ասել է թե՝ Թուրքիայի համար իրանցի հեղինակին և նրա ժառանգությունը սեփականելու հիմնական կռվանը բնակության վայրն է։
Նույն միտումն է ընկած նաև Նեզամի Գյանջավիին արդբեջանականացնելու՝ Ադրբեջանի մշակութային գողության հիմքում։ 12-րդ դարի իրանցի հեղինակ Նեզամի Գյանջավին, որն ապրել և գործունեություն է ծավալել Գանձակում, համարվում է «ադրբեջանական գրականության հիմնասյունը»։
Վերջերս Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ժողովրդական արվեստի նախարար Սեյյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, իր հարցազրույցում խոսելով մշակութային Իրանի մասին, նշել է․ «Ադրբեջանի Հանրապետության մշակութային կարողությունն իրանական քաղաքակրթությանն է վերաբերում, չնայած այսօր աշխարհագրորեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում է․․․։ Իրանցի գրող Ջալալ Ադ-դին Բալխի «Մասնավի-ե մաանավի» ստեղծագործությունը UNESCO-ի մշակութային ժառանգությունների ցանկում որպես իրանական մշակութային արժեք գրանցելիս հանդիպեցինք թուրքերի մեծ դիմադրությանն այն պատճառաբանությամբ, որ Մոլանան ստեղծագործել և մահացել է Կոնիայում, ինչից ենթադրվում է, որ նրա ժառանգությունը «թուրքական մշակութային արժեք է»։ Եթե նման դիտանկյունից ենք նայում խնդրին, ապա այսօր Աֆղանստանն էլ ունի իրավունք այդ ստեղծագործողի նկատմամբ, քանի որ ծննդավայրն այժմ գտնվում է այդ երկրում։ Իրանն այդ դեպքում հայտարարում է, որ Ջալալ Ադ-դին Բալխիի ստեղծագործությունը համաշխարհային նշանակության է, և նա պատկանում է աշխարհին»։
--00—ՍՊ