Շվեդիայի դեսպանի պատվիրակությունն այցելել է Հայկական ԱԷԿ. քննարկվել են համագործակցության հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

.
Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը:
 
Այցի շրջանակներում քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը:
 
 
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրեց կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացիկ գործընթացները:
 
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր, որի շրջանակներում կարևորվեց շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվեց, որ դիվանագիտական ու գործարար կապերի խորացումը կարող է նպաստել հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը էներգետիկայի և ատոմային արդյունաբերության ոլորտում:
 
Կողմերը կարևորեցին նմանատիպ փոխայցելությունները՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ընկերությունների միջև գործակցության հետագա զարգացմանը:

--00--ԱՀ