Տեսակցության այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ՖՖ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերոնշյալ բաժնի և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Հ. Հ.-ին:

Զննությամբ քաղաքացու սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերել են թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1.38 գրամ քաշով բուսական զանգված:

Հ. Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

--00—ՍՊ