ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:
«Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ ադրբեջանական «Թրենդ»-ի՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն ավելի վաղ ասել էր, թե «այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»: