ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Այս պահի դրությամբ ոչ մի քաղաքական ուժ Տարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացրել Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթային փաթեթներ: Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը նշանակված է մարտի 5-ին, ժամը 18:00: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
«Այս պահին որևէ կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել փաթեթներ, որոնք ներառում են՝ դիմում, կուսակցության կանոնադրության պատճենները՝ կնքված և ստորագրված լիազոր ներկայացուցչի կողմից, կուսակցության մշտական գործող լիազոր մարմնի որոշումը՝ համայնքի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրվելու վերաբերյալ, ընտրական ցուցակը, տեղեկանք՝ համայնքի բնակչության ռեգիստրում թեկնածուի հաշվառված լինելու մասին, տեղեկանք՝ լիազոր մարմնից, թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ ցուցակում գրանցված լինելու մասին, ընտրագրավի անդորրագիրը, թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները»,-նշեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ փաթեթների ներկայացման վերջնաժամկետը մարտի 5-ին, 18:00-ին է, որից հետո ընտրական հանձնաժողովի կողմից հինգ օրյա ժամկետում կուսումնասիրվեն փաթեթները, և ժամանակ կտրվի անճշտությունների հարթման համար: ՏԸՀ նախագահը հավելեց, որ գրանցումները կսկսվեն մարտի 5-ին և կշարունակվեն մինչև մարտի 10-ը: Մարտի 10-ին արդեն գրանցման վերջնաժամկետն է:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ ընտրական օրենսգրքով, սահմանվում է թեկնածուների նվազագույն և առավելագույն քանակ: «Գյումրու պարագայում, քանի որ ավագանու անդամների թիվը 33 է, ցուցակում պետք է ներառված լինի ոչ պակաս քան մեկ երրորդը և ոչ ավել քան եռապատիկը, այսինքն՝ նվազագույն ցուցակը պետք է լինի 11, առավելագույնը՝ 99 անձ: Սահմանափակում կա նաև գենդերային կազմի հետ կապված՝ ամեն եռյակում 30 տոկոսը պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի: Նմանատիպ սահմանափակում կա նաև կուսակցական պատկանելության մասով», - նշեց Տիգրան Ղազարյանը:
--00—ԱՀ