ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։
Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։
Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա թյուր կարծիք է՝ սխալ ու խիստ վնասակար մոտեցում։
Վերջին նման դեպքը Լոռու մարզում հսկայական տարածքի այրման պատճառ էր դարձել:
Հրդեհը արագությամբ տարածվում էր տարբեր ուղղություններով։
Հրդեհի տարածման դեմ պայքարում էին ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:
Լոռու մարզային փրկարարական ջոկատների արագ արձագանքման և ճկուն գործողությունների շնորհիվ ժամեր անց կանխվեց հրդեհի տարածումը։ Ինչը կարող էր առաջացնել անդառնալի էկոլոգիական վնասներ, որոնք ազդելու էին գյուղատնտեսության, էկոհամակարգի հավասարակշռության։ Երբ խոտը այրվում է, օրգանական նյութը ոչնչացվում է, ինչի պատճառով հողի բերրիությունը նվազում է:
Նախորդ տարվա չոր խոտի հետ միասին այրվում են նաև մեռած օրգանական նյութերը: Սա ուժեղացնում է ածխաթթու գազի արտանետումը: Ինչն էլ իր հերթին մեծացնում է ջերմոցային էֆեկտը։ Եվ վերջապես, այրվող խոտի ծուխը այնքան անվնաս չէ․ Եթե այրվող խոտի վրա կան թունաքիմիկատների և պարարտանյութերի մնացորդներ, ապա ձևավորվում են ցնդող թունավոր միացություններ, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութեր, որոնք տեղափոխվում են զգալի հեռավորությունների վրա: Դրանք կարող են ծխի միջոցով մտնել ձեր տուն և լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, հոգ տարեք ձեզ շրջապատող բնության մասին, պետության առաջնահերթությունը ոչ թե պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումը։
--00—ՅՄ