ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք:
Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, օդաճնշիչ երկու ատրճանակ, վեց նռնակ, տարբեր տեսակի փամփուշտներ ու այլ զինամթերք:
Մի անհայտ քաղաքացի էլ 911 ծառայություն զանգահարել է փետրվարի 22-ին: Այս դեպքում էլ 44-օրյա պատերազմի մասնակից ներկայացած տղամարդը հայտնել է զենք-զինամթերքի տեղը:
Մեկնած Վայոց ձորի մարզի պարեկները Եղեգնաձոր քաղաքում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ, լուսավորող հրթիռ, չորս նռնակ ու փամփուշտներ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ