ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։
«Ներկայում քննարկում է ընթանում հնարավոր խաղաղարարության շուրջ, և իմ կառավարության տեսանկյունից մենք պատրաստ ենք ապագայում քննարկել ցանկացած առաջարկ», - հայտարարել է Ալբանիզը:
Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան «պատրաստ է օգնել» Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ավստրալացի խաղաղապահները վերջին տասնամյակների ընթացքում դեր են խաղացել մի քանի այլ արտասահմանյան երկրների կայունացման գործում:
«Ավստրալիան պատմականորեն կարևոր դեր է խաղացել այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Աֆրիկան, Կիպրոսը, խաղաղարար գործունեության մի շարք ոլորտներում», - պարզաբանել է Ալբանիզը:
Այլ տեսակետ է հայտնել Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնը: ABC-ի տվյալներով՝ նա քանիցս աջակցել է Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն։ Սակայն մարտի 4-ի առավոտյան նա լրագրողներին հայտնել է, որ թեև ավստրալական զորքերը «պետք է շարունակեն ուսուցանել ուկրաինացի զինվորներին», խաղաղապահներ ուղարկելը պետք է «թողնեն Եվրոպային», եթե համաձայնություն ձեռք բերվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
«Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մենք պետք է զորքեր ունենանք Ուկրաինայում, ապա ես այդպես չեմ կարծում», - նշել է Դաթոնը:
--00--ԱՀ