Չեխիան հետաքրքրված է ՀՀ-Ադրբեջան խաղաղության բանակցություններով և ողջունում է առաջխաղացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Screenshot_6

Մեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա Ղազարյանը, Գեղամ Նազարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը, խոսել ԵՄ անդամ երկրների, այդ թվում` Չեխիայի հետ ոլորտային փոխգործակցության խորացման անհրաժեշտությունից: Պատգամավորն ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը` նշելով, որ վերջինիս ներկայությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգի չեզոքացմանը: Պատգամավորը բարձրաձայնել է Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

«Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով եւ ողջունում է այդ հարցում առաջխաղացումը»,- նշել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկը:

Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը կարող են նպաստել ուղիղ չվերթների կազմակերպումը, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը:

--00—ՅՄ