Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ա

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարել է մարտի 29-ին ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։ Հանրահավաքին կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.

1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում

2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ

3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ

4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ

Այսօր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Հաշվի առնելով, որ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից հայտարարված ս.թ. մարտի 29-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, մեր բազմաթիվ քաղաքացիների և օգտատերերի կողմից հարցեր են բարձրացվում այն մասին, թե ովքեր են խորհրդի անդամները, հանդես ենք գալիս պաշտոնական պարզաբանմամբ.

Դեռևս մի քանի ամիս առաջ, երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների միավորման արդյունքում, ստեղծվել է «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» միավորումը։

Միավորման համաժողովների ընթացքում, ՀՀ կառավարության և այլ պատասխանատու մարմինների հետ երկար քննարկումներից և ներկայացված առաջարկությունների մերժումներից հետո, որոշվեց արցախահայության պահանջները ներկայացնել հանրահավաքի միջոցով, որի իրականացման համար, նորաստեղծ միավորման կազմից զատ, առավել լայն շրջանակ ապահովելու նպատակով, դիմեցինք արցախահայության իրավունքներով զբաղվող տարբեր կազմակերպությունների և անհատների։ Արդյունքում, ստեղծվեց նախաձեռնություն՝ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որում ընդգրկվեցին մի շարք կազմակերպություններ, հասարակական գործիչներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և անհատներ։

Ողջունելի է, հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, տարբեր կազմակերպությունների շարունակական միացումը նախաձեռնությանը, որը համաարցախյան է։

Կրկին կոչ ենք անում արցախցիների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններին ու անհատներին միանալ նախաձեռնությանը, քանի որ մեզ համար առաջնայինը բոլոր արցախցիների միասնությունն է, հակառակ դեպքում, հենց հանրության կողմից չեն ընկալվի այն բոլոր կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, որոնք հանդես են գալիս արցախահայերի խնդիրներով մտահոգված ու զբաղված լինելու հայտարարություններով»։

--00—ՍՊ