ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բացակայում է ուղղակի երկխոսության հնարավորությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր դիրքորոշումն այս հարցում միանգամայն պարզ է. Իրանը առավելագույն ճնշման քաղաքականության ներքո, հնչեցված սպառնալիքների ներքո ուղղակի բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ մինչև հակառակ կողմի մոտեցման մեջ փոփոխություններ տեղի չունենան Իրանի և Իրանի ժողովրդի նկատմամբ։ Հաշվի առնելով այն քաղաքականությունն ու մեղադրանքները, որոնք հնչում են ամեն օր, մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների համար ճանապարհը բաց է», - ընդգծել է նա SNN հեռուստաալիքի եթերում։
Արաղչիի խոսքով՝ Թեհրանի գլխավոր խնդիրը երկրի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությունն է, և իշխանությունները «ոչ մի հնարավորություն բաց չեն թողնի» դրա իրագործման համար։
Մարտի 7-ին Թրամփը Truth Social հարթակի իր էջում գրել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Նամակը մարտի 13-ին Իրանին էր փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը։
Իրանի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտահոգված է միայն սեփական շահերով։
--00--ԱՀ