ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները: Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:
Քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները շեշտել են հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը և դրանով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործման միջոցով:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիյարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ:
--00—ՍՊ