Արտակարգ դեպք՝ Կոտայքում. Նոր Հաճնի կամրջի տակ որոնում են կամրջից նետված քաղաքացու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

.

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Ահազանգը փոխանցվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ, որտեղից ժամանել են 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Փրկարարները, համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 3 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացի չեն հայտնաբերել և ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարները պարզել են նաև ահազանգող քաղաքացու ինքնությունը, ում հրավիրել են դեպքի վայր, սակայն տղամարդը սկզբից ասում էր՝ ինքը նկատել է, թե որ կողմից է քաղաքացին ցած նետվել, հետո ասում էր՝ գուցե աչքիս է երևացել: 

3 ու կես ժամ հետո որոնողական աշխատանքները դադարեցվեցին, քանի որ ամբողջ տեղանքը ուսումնասիրելու արդյունքում քաղաքացին չի հայտնաբերվել:  
 


--00--ԱՀ