ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։ Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլեւ վերեւից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել: Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից: Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։
Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը, նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ, Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադեւոսյանին, որին համակարգը չի ընդունում: Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։
Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք կադրային ջարդի վերաբերյալ, պատախանեցին․ «Բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձեւակերպմանը»:
--00--ՍՊ