ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նախազգուշացրել է Բեյրութի հարավում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտին մոտալուտ ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ խոսնակ Ավիչայ Ադրայը։
«Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են քարտեզի վրա կարմիրով նշված շենքում և դրա հարևան շենքերում. դուք գտնվում եք «Հեզբոլլահ»-ի հետ կապված օբյեկտների մերձակայքում», - գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով համապատասխան լուսանկար:
Նա բնակիչներին կոչ է արել անմիջապես տարհանվել և առնվազն 300 մետր հեռանալ նշված տարածքից, որտեղ ակնկալվում են իսրայելական ուժերի հարվածները:
The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թ. նոյեմբերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ստորագրումից ի վեր։ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ Բեյրութում թիրախների է հարվածել 2024 թ. նոյեմբերի 27-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ։
Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտնել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից Իսրայելի վրա երկու հրթիռի արձակման, որոնցից մեկը բանակը որսացել էր, իսկ մյուսն ընկել էր լիբանանյան տարածքում։
--00--ԱՀ