Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

kgv3e89rwk89ez5ghb1z-770x_

Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում և արձանագրությամբ վավերացում:

Վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է: «Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս տեղամասերից բացի, պատահականության սկզբունքով, վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում: 

Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը  11:00:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին, թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել: «Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ Ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»: 

--00—ՅՄ