ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ria.ru-ն, հղում անելով հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքին, որը ստեղծել է երկրի կառավարությունը, գրում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի։
«Վարակվածների թիվը 15 է, կարանտինի ռեժիմում՝ 141, հսկողության տակ գտնվում են 51-ը»,-ասված է կայքում:
Վարակվածների թվում է նաև Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, որը Թբիլիսիի կլինիկաներից մեկի վերահսկիչ խորհրդի անդամ է:
Նիկոլոզ Գամկրելիձեն վարակվելու մասին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ շփվել է բժիշկներից մեկի հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 13 վարակակիրների մասին, նրանց մեծ մասը Իտալիա է այցելել կամ կապ է ունեցել Իտալիայից ժամանած մարդկանց հետ, իսկ մյուսները ժամանել են Իրանից:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։