ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ժամանակ Մովսես գյուղից տեսանյութ է հրապարակել, որում սրբազանը տեղեկացնում է, որ հայկական բանակը կարևոր քայլ է կատարել:
«Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի. Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք»,-ասել է սրբազանը, որին ուղեկցել են նաև այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղում: Կյանքը բնականոն հունի մեջ է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով և մեծապես շնորհիվ մեր փառապանծ հայոց բանակի, որն ապահովում է մեր ու մեր գյուղերի անդորրը: Մենք կերտել ենք հաղթական բանակ, որը հաղթական է լինելու մինչեւ վերջ»,-ասել է Տավուշի մարզպետը:
Բագրատ Գալստանյանը իր հերթին խնդրանքով դիմել է թիկունքում գտնվող հայ ժողովրդին:
«Անկախ նրանից՝ քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունեք, բոլորդ էլ հարգելի եք: Շատ եմ խնդրում ձեզ գոնե այս վայրկյանին մարդկանց ո՛չ թիրախավորեք, ո՛չ անվանարկեք, ո՛չ որևէ կերպ փորձեք ցեխ շպրտել: Այս պահին ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա, բոլորս ներկայում ենք ապրում: Գոնե մի քանի օր հանդարտվե՛ք, որովհետև սա մեր բոլորի կյանքն է: Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը:
--00—ԼՄ