ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Սույն թվականի հունվարի 10-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին և հյուպատոս Թոմաշ Մալեքին:
Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը նշել է, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջնահերթություններից է հանդիսանում Եվրոպական Միության անդամ երկրների, ներառյալ՝ Չեխայի Հանրապետության լիազոր մարմնի հետ անմիջական երկկողմ համագործակցության ձևավորումը և զարգացումը, որը խիստ կարևոր է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման համար: Միաժամանակ, գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակի գործունեությունը՝ կարևորելով վերջինիս ունեցած ներդրումն անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման գործում:
Դեսպան Պիրունչիկն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև անմիջական համագործակցության ձևավորմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը զրուցակիցները ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու փոխգործակցությունն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն ձևավորելու նպատակով:
--00—ՍՊ