ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ Ազգային ժողովի՝ արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կփոխանցվի պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանին։ Նա «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակի 86-րդ համարն է։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։
Գոռ Երանյանը աշխատում է ԳԱԱ Պատմության ինստիտուտում, Մատենադարանի Արևելագիտության բաժնում, ինչպես նաև «Սիվիլնեթում»՝ որպես Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերով մասնագետ։ 2017-2020 թվականներին դասավանդել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։
ՀԺ-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածուն ասաց, որ ավելի վաղ ԿԸՀ-ում դիմում էր գրել՝ մանդատից հրաժարվելու մասին, սակայն քիչ առաջ նոր դիմում է գրել նույն հանձնաժողովում, որով հրաժարվել է նախորդ դիմումից եւ համաձայնել ստանձնել մանդատը։ Առաջիկայում ԿԸՀ-ում կքննարկվի իր այդ դիմումը, քննարկմանը կհրավիրվի նաեւ ինքը, եւ եթե որեւէ խնդիր չլինի, մանդատը նրան փոխանցելու որոշում կկայացվի:
Մեր հարցին, թե ինչո՞ւ էր մանդատից հրաժարվելու դիմում գրել եւ ինչու փոշմանեց՝ Երանյանը պատասխանեց. «Դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, որից դժվար էր հրաժարվել»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Իմ քայլից» են համոզել, նա բացասական պատասխան տվեց՝ վստահեցնելով, որ երկու որոշումներն էլ ինքն է կայացրել։ «Իմ քայլից» միայն ողջունել են իմ որոշումը, այն միայն դրական արձագանքների է արժանացել։
Խոսելով պատգամավորական աշխատանքին զուգահեռ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորության մասին՝ Երանյանը հիշեցրեց, որ ինքը կարող է զբաղվել միայն գիտամանկավարժական գործունեությամբ, ուստի առաջիկայում իր գործատուների հետ կքննարկի հնարավորությունները:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իրեն խորհրդարանում, ի՞նչ խնդիրներ է տեսնում, որոնց լուծմանը կցանկանա ձեռնամուխ լինել մանդատը ստանալուց հետո, ապագա պատգամավորը չցանկացավ պատասխանել՝ առաջարկելով փոքր-ինչ սպասել: Միայն հավելեց, որ կան հարցեր, որոնց շուրջ մտածում է:
Աղբյուրը՝ «Հայկական ժամանակը»
--00—ՄՀ