ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:
«Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:
Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:
Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում»։
--00—ԼՄ