ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
«Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝ վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա Հովհաննիսյանին, հավերժ խոնարհվելու և խնկարկելու մեր մարտական ընկերների, Արցախյան պատերազմից մինչև այսօր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջ, ազնիվ որդիների շիրիմների, անվան առաջ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մենք պարտք ունենք նրանց առջև․ նրանց սխրանքը մեզ զրկեց հանձնվելու, նահանջելու իրավունքից։
Մենք պարտք ունենք այն մայրերին, ովքեր Հայրենիքին իրենց ամենաթանկն են նվիրել և այսօր էլ Կարին Տոնոյանի նման շարունակում են Հայրենիքի պաշտամունքը սերմանել իրենց նայող սերունդների գիտակցության և արյան մեջ։
Այս ծանր տարվա կորուստների ցավը մեզ չի կարող ծնկի բերել։ Որքան էլ դժվար լինի, պետք է նորից կանգնենք ամուր, գոտեպնդվենք՝ միմյանց սատարելով, որպեսզի հաջորդ տարին՝ 2021 թվականը, դիմավորենք մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերները դիմակայելու անսասան վճռականությամբ։
Ուժ և տոկունություն եմ մաղթում բոլորիս։
Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել և պսակվելու է մեր հաղթանակով»,-գրել է Օհանյանը։
--0--ԿԿ