ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը նամակով պատասխանել է Արցախյան կարգավորման և Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարկինի հարցապնդումներին։
Ըստ Բլինքենի՝ նախագահ Բայդենը, որպես նախագահի թեկնածու, խոստացել էր, որ հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը․
«Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ողբերգությունն այլևս չի կրկրնվի։ Վարչակազմի ձևավորումից հետո հստակեցվելու են ապրիլի 24-ի առաջիկա հայտարարության եզրույթները՝ այս կարևոր հարցով նաև խորհրդակցություն ունենալով Կոնգրեսի հետ»։
Ըստ նրա՝ Վաշինգտոնը ակտիվացնելու է Արցախյան հարցի վերջնական կարգավորման գործում ամերիկյան ջանքերը։ Նոր վարչակազմը խոստանում է աջակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ֆինանսավորմանը, ինչը նախորդ կառավարության վերջին ժամանակահատվածում դադարեցվել էր։
Պետքարտուղարի թեկնածուն ասել է, որ նոր վարչակազմն վերանայելու է նաև Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվտանգային, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտանգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։
--00—ՄՀ