ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։
Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ շարունակելով.
Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման վրա։
Հայաստանը սիրել նշանակում է գիտակցել ու իրացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեր ունեցած պարտավորություններն ու իրավունքները, որոնք բխում են Մայր օրենքից և օրենսդրությունից։
2021թ․ ընտրություններով ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ վերահաստատեց սահմանադրությամբ իրեն վերապահված անքակտելի իրավունքը և ժողովրդավարական արժեքների անբեկանելիությունը երկրում ։
Մեզ շնորհված լեգիտիմ մանդատով ինչպես առաջ, այնպես և այսօր մենք հետամուտ ենք լինելու սահմանադրության իրացվելիությանը և օրենքի գերակայությանը ողջ երկրում և բոլոր բնագավառներում։
Հայաստանի Հանրապետությունում մենք թևակոխել ենք մի փուլ, երբ օրենքի առջև հավասար են բոլորը և որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից։
Շնորհավոր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր:
--00—ԼՄ