Փաշինյանը գիտի, որ ցավոտ ելքերի դեպքում իր իշխանությունը կավարտվի, դրա համար ժամանակ է շահում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Իշխանության խոստացած խաղաղությունը խաբկանք է, եթե անգամ թղթում ամրագրվի, միևնույն է, այն իրականություն չի դառնալու: Պատերազմը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամոթալի պարտության հետևանքները չվերացնենք և չվերականգնենք Արցախի ինքնիշխանությունը և Արցախը չմիանա Մայր հայրենիքին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:

«Իշխանությունը մեր առջև արհեստական խաղաղության պայմանագիր է դրել, դա միջոց է իր իշխանությունը երկարացնելու համար: Երեկ Ալիևը հոխորտաց իր ցինիզմով՝ աշխարհին ցույց տալով, թե ինչպես է հաղթել ՀՀ-ին, ինքնասիրություն ունեցող հայ մարդը ծանր կտանի, բայց, միևնույն ժամանակ, Ալիևը մեզ օգնում է ամեն անգամ թարմացնել ամոթի ու վիրավորանքի վերքը և պայքար սկսել»,- ավելացրեց Տոնոյանը:

Անդրադառնալով Սոչիի ու Վաշինգտոնի հանդիպումներին՝ Տոնոյանը նշեց, որ իշխանությունը ճիգեր է գործադրում՝ մանևրելու միջազգային դիվանագիտական ասպարեզում, որպեսզի ժամանակ շահի իր իշխանությունը երկարաձգելու նպատակով:

«Իշխանությունը երկու քարի արանքում է՝ մի կողմից պետք է բանակցությունները ավարտ ունենան, մյուս կողմից գիտի, որ ցավոտ ելքերի դեպքում իր իշխանությունը կավարտվի, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հարցի լուծումը: Իսկ Սոչիի հանդիպումը փաստեց, որ նույնիսկ ՌԴ հզոր ղեկավարը չկարողացավ ահագնացած ախորժակով Ալիևի դեմ ավել բան ասել: Սոչիում երևաց Ալիևի ցինիզմի վտանգի առկայությունը»,- ընդգծեց նա:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ