Արցախի դեղատներում կաթնախառնուրդ չկա, մինչև 1 տարեկան երեխաները սննդի կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

Արցախի դեղատներում կաթնախառնուրդ չկա, մինչև 1 տարեկան երեխաները սննդի կարիք ունեն։ Այս մասին ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը։

Նա նշեց, որ 6 ամսից ավելի Արցախում շրջափակման մեջ է եղել և անձամբ է ականատես եղել, թե ինչպիսի վատ վիճակում են երեխաները․ «Եթե բնության բարիքներով մեծահասակներին հնարավոր է ապահովել անհրաժեշտ ապրանքներով, ապա երեխաները այդ հարցում ամենաանպաշտպանն են։ Մեր պահանջն է, որպեսզի պարտավորվեն գոնե կաթնախառնուրդները հասցնել երեխաներին։ Եթե անտարբեր են ազատ ապրելու իրավունքի նկատմամբ, գոնե ապրելու իրավունքին տեր կանգնեն»,-ասաց նա։

Հովսեփյանը նշեց նաև՝ եթե հասկանանք ամեն մեկս, թե ինչ է զգում այն մայրը, որը չի կարող իր երեխային կերակրել, ապա արցախցին իրեն ավելի պինդ ու ավելի վստահ կզգա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ