Ապամոնտաժվել է Երևանի Ավետ Ավետիսյան 70/7 հասցեում գտնվող բենզալցակայանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-33x0wh-1854x1080z-0.4241

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ  էին իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70/7 հասցեի («ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ) և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 3 հասցեի («ԵՐԱՄՍ ՍԵՐՎԻՍ»  ՍՊԸ ) բենզալցակայանների՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել էին  հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էին կայացվել։

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70/7 հասցեում գտնվող, սեպտեմբերի 11-ին կապարակնքված բենզալցակայանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տնտեսավարողի նախաձեռնությամբ ապամոնտաժվեց։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում շահագործվող բենզալցակայանն էլ կապարակնքվեց։

--00—ՅՄ