Խոշոր ավտովթար․ ճակատ ճակատի են բախվել Volkswagen-ն ու Hyundai-ն․ վիրավորների թվում կան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

դդ

 

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալագյազ Արթիկ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արա Երիցյանի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Վարուժան Հակոբյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վ. Հակոբյանը տեղափոխվել Է «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն, իսկ Ա. Երիցյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 42-ամյա Մարիամ Այվազյանը, 5-ամյա Վիկտորիա Ե.-ն և 65-ամյա Կարինե Ե.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: 



Ժամեր անց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մյուս ուղևոր, Երևանի բնակիչ 16-ամյա Տիգրան Ե.-ն: 



Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  



Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Երիցյանը աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որպես անեսթեզիոլոգ, իսկ վիրավորներից Մ. Այվազյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում որպես կադրերի բաժնի պետ, վիրավորներն էլ նրանց ընտանիքի անդամներն են: