«Օլիմպիականները. Փարիզ-2024». ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել. Դավիթ Չալոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

օկ.

Հայաստանի հենակետային մարզաձևերից բռնցքամարտի համար օլիմպիական այս մրցաշրջանը բարդ ընթացք ունեցավ, քանի որ հավաքականի ներկայացուցիչներից միայն մեկը կարողացավ Փարիզի խաղերի ուղեգիր նվաճել: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն է: 

-Պատմեք խնդրեմ, թե ե՞րբ եք սկսել հետաքրքրվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ մարզվել 15 տարեկանից:Ու մինչ այդ ոչ մի մարզաձևով չեմ զբաղվել: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Ծնողներս էին որոշել, որ սպորտով զբաղվեմ, սակայն թե ինչ մարզաձև ընտրել, չէինք կողմնորոշվել: Առաջին անգամ բռնցքամարտի դահլիճ մտնելով՝ հասկացա, որ այն իմ մարզաձևն է:

-Զրոյից մարզաձևով զբաղվելու համար 15 տարեկանը մեծ տարիք է: Ինչպե՞ս  ստացվեց, որ կարողացաք մնալ մարզաձևում:

-Այո, բավականին մեծ տարիք է սպորտով զբաղվելու համար, հատկապես, որ հետո ձգտելու ես բարձր արդյունքների: Սակայն ինձ մոտ կարծես ստացվեց:

-Իսկ ի՞նչն եք սիրում բռնցքամարտում:

-Կարծում եմ այն, որ մեջը պայքար կա, մենապայքար է: Բայց ոչ մարդկանց «ծեծելը» (հեղ. ծիծաղում է):

-Եղե՞լ է մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ բռնցքամարտը ձեր մարզաձևն է:

-Եթե անկեղծ, զինվորական ծառայությունից հետո որոշել էի հեռանալ բռնցքամարտից: Դա 2018 թվականն էր, երբ բանակում էի: Բայց մտքափոխվեցի, երբ արդեն ավարտել էի ծառայությունս: Վերադարձա, քանի որ կարոտել էի, և ընկերներս էին պնդում, որ կրկին ռինգ մտնեմ: 

-Բոլորս մեր մասնագիտությունում կամ կյանքում ունենք մեկին, ով օրինակ է մեզ համար: Դուք ունե՞ք այդպիսի մեկին:

-Մեր հավաքականում, իմ ավագ ընկերը` Հովհաննես Բաչկովը: Կարծում եմ այն օրինակներից է, ումից կարելի է սովորել: Նա իսկապես շատ է օգնել և խորհուրդներով և այլ հարցերով: Նա այն մարդկանցից էր, ով հավատում էր, որ կարող եմ ուղեգիր նվաճել: 

-Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը, որը դուք` բռնցքամարտիկներդ,  տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Ես այս մարզաձևի գեղեցկությունը կապում եմ խելքի հետ: Ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել: Պետք է վերահսկես քեզ, էմոցիաներդ, որ կարողանաս հաղթել:

-Ո՞ւմ եք լսում կամ տեսնում ռինգ մտնելիս ու մենամարտի ժամանակ:

-Ուշադրությունս մարզչի կողմն է, քանի որ հենց ինքը գիտի, թե ինչ ճիշտ խորհուրդներ պետք է տա:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ