ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։ Երեկ մենք Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից փորձեցինք պարզել՝ գուցե տեղյակ չե՞ն, որ իրենց քթի տակ աշխատանքները սկսվել են, կամ իշխանությունը վստահեցրել է, որ այս անգամ տարածք չեն տալու, ինչպես անցած տարի այս ժամանակ Կիրանցում եղավ, եւ դա է լռության պատճառը։ Սակայն Աղբալյանն ասաց, որ տեղյակ են այդ աշխատանքների մասին, պարզապես չի ուզում խոսել եւ, մեղմ ասած, գլխացավանքի մեջ ընկնել։
«Էդ հարցերով դիմեցեք սահմանապահ զորքերին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ, բայց, այո, աշխատանքներ անում են»,- ասաց նա։ Մտահոգություն չունե՞ք, որ ձեր քթի տակ կրկին հող են հանձնում ադրբեջանցիներին, խոսվում էր նաեւ միջպետական ճանապարհից մի հատված հանձնելու մասին։ «Ճանապարհի խնդիրը դեռ չկա․․․ Ինձ թվում է՝ ամբողջ հանրապետությունում պետք է աշխատանքներն ավարտեն, իրենց ծրագիրն անեն, նոր անցնեն տարածքներին` թե փոխանակում կանեն, անկլավների բանի հարցը, չեմ կարող ասել»։
Այս անգամ իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ոսկեպար, ինչպես անցած տարի Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով գնաց: Հարցրինք` իրենց հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված` որ վտանգավոր զարգացումներ չե՞ն սպասում, հակառակ դեպքում իրենց կտեղեկացնեի՞ն, թե՞ ուրիշ բացատրություն կա։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ