ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։
Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա, այդ թվում՝ Գալեյանի գործողությունների որակման վրա՝ պնդելով, որ խուլիգանություն այն գնահատվել չէր կարող։ Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ եթե անգամ արարքը կատարվել է հասարակական վայրում կամ հասարակության ներկայությամբ, բայց չի կատարվել խուլիգանական դրդումներով, ապա այն խուլիգանություն չէ, Գալեյանը չի գործել խուլիգանական դրդումներով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ