ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 20-ին մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 65-ամյակին նվիրված ընդունելությանը՝ հանդես գալով բացման խոսքով:
Դիմելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակային եւ հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նրանց ջերմորեն շնորհավորել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ:
Նա նշել է, որ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններն ավանդաբար զարգացել են փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ այս երեսուն եւ ավելի տարիներն առանձնացել են երկու ժողովրդավար երկրներին բնորոշ սերտ համագործակցությամբ՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի վրա:
«Բարձր ենք գնահատում նախընթաց տարիների ընթացքում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանման եւ այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Հայաստանի կառավարությունը երախտապարտ է նաեւ Ճապոնիայի կառավարությանը՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցության համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի կառուցողական եւ անաչառ դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման գործում ՀՀ կառավարության կողմից ներդրվող ջանքերի նկատմամբ:
«Միաժամանակ, ակնկալում ենք Ճապոնիայի առավել ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, այլեւ տարածաշրջանում միջազգային իրավունքի եւ օրենքի գերակայության վրա հիմնված անվտանգային միջավայրի ձեւավորման հարցում՝ խարսխված պետությունների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ լիակատար հարգանքի վրա»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա՝ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններում առանձնահատուկ տեղ են գրավում երկկողմ տնտեսական հարաբերությունները: ԱԺ փոխխոսնակը վստահություն է հայտնել, որ այս համատեքստում երկուստեք ներդրվող ջանքերը, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազան առավել ընդլայնելու ուղղությամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, այնպես էլ զբոսաշրջային եւ բիզնես կապերն ու մարդկանց միջեւ շփումները՝ նպաստելով հայ եւ ճապոնացի ժողովուրդների շրջանում միմյանց մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
«Ջերմությամբ եմ հիշում 2022 թվականի սեպտեմբերին Տոկիո կատարած այցի ընթացքում Ճապոնիայի Խորհրդարանականների պալատի նախագահի հետ հանդիպումը, որի ընթացքում ճապոնացի գործընկերները մատնանշեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի՝ Ճապոնիայում ունեցած ճանաչումը, ինչպես նաեւ երաժշտական դպրոցների կրթական ծրագրերում նրանց ստեղծագործությունների առկայությունը:
Նույն այցի շրջանակում Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների նախարար Տարո Կոնոյի հետ հանդիպմանը պայմանավորվեցինք ձեւավորել աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքում երեկ ստացել եմ հրավեր ներկա գտնվելու Ճապոնիայում՝ Տակասակի քաղաքում, հունիսի 1-ին նախատեսված Թումո կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Թումո Գունման հասանելի կլինի պրեֆեկտուրայի համայնքներում բնակվող 1500 պատանիների: Թումոյի յուրահատուկ հեղինակային կրթական մոդելով կդասավանդվեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն եւ շարժական գրաֆիկա:
«Այս փաստերը վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերություններն ավելի քան մեծ պոտենցիալ ունեն, որոնք ընդգրկում են նաեւ մշակութային եւ կրթական ոլորտները: Թույլ տվեք նաեւ շնորհավորել բարեկամ Ճապոնիային այս տարի Օսակայում աշխարհի խոշորագույն տնտեսական իրադարձության՝ «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել ցուցահանդեսի աշխատանքներին: Ինչպես տեղյակ եք, Հայաստանը եւս մասնակցելու է նշված ցուցահանդեսին: Համոզված եմ, որ այն բացառիկ հնարավորություն կընձեռի ճապոնացի ժողովրդին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական եւ զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Մեկ անգամ եւս շնորհավորելով ճապոնացի բարեկամներին ազգային տոնի առթիվ՝ Հակոբ Արշակյանը հավաստիացրել է, որ ջանքեր չեն խնայվի՝ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններին նոր շունչ հաղորդելու եւ դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
--00—ՍՊ