ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Նոր Նորքի դատարանը որոշում ընդունեց քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանել՝ արգելելով մինչև վերջնական դատական որոշումը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, դատախազների, քննիչների, հարկադիր կատարողների, փաստաբանների ու նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ:
Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը՝ այս որոշումը որակելով իբրև աբսուրդային ու քաղաքական:
Նա նաև հավելեց, որ առաջին ատյանի վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ հանրային գործիչ Էդգար Ղազարյանին Քննչական կոմիտեի քննիչը երեկ հեռախոսազանգով հրավիրել էր հարցաքննության, ընդ որում՝ ոչ աշխատանքային ժամին։ Քննչականում արդեն պարզվել էր, որ վարույթ է հարուցվել ու նրան մեղադրանք ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը - խմբ․)։ Սույն հոդվածը նախատեսում է ընդհուպ մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Մեղադրանքի համար որպես հիմք օգտագործվել է Էդգար Ղազարյանի հրապարակային խոսքից առանձին դրվագներ։
Մանրամասները՝ տեսանյութում
--00--ԱՀ