ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քվեարկել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ իր բանաձեւի նախագծի շուրջ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կարվի մինչ ամերիկյան բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնելը։
Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակը դեռ համաձայնեցված չէ։ Ավելին, ամերիկյան բանաձեւի տեքստը ուրբաթ օրը փոխանցվել է Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներին։
Ավելի վաղ The Washington Post-ը (WP) հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը Կիևից պահանջել է հետ կանչել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Վաշինգտոնը նախատեսում էր «փոխարինել այն ԱՄՆ-ի հայտարարությամբ, որում ձեւակերպումները մեղմացվել են»։ Կիևում այս տեքստը «համարվել է գրեթե ռուսամետ», և նրանք հրաժարվել են հետ կանչել իրենց բանաձեւի նախագիծը՝ հիմնված Վլադիմիր Զելենսկու որոշման վրա։
--00—ՅՄ