ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրն արտահայտեցին իրենց մոտեցումների կտրուկ տարբերություններն Ուկրաինայի հարցում:
Երկու առաջնորդների միջև մեկ օրվա բանակցությունների ընթացքում Թրամփը և Մակրոնը ցուցաբերեցին բարեկամական փոխըմբռնում, որը հիմնված էր երկարամյա լավ կապերի վրա: Այնուամենայնիվ, Մակրոնը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։
Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիկտատոր անվանել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիկտատոր անվանեց։ Մակրոնն ասել է, թե պարզ է, որ Ռուսաստանն «ագրեսորն է» հակամարտության մեջ։
Թրամփը շուտափույթ հրադադարի ցանկություն է հայտնել և ասել, որ փորձում է բանակցել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Նա ասել է, որ համաձայնության գալուց հետո կարող է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ:
Մակրոնը, ընդհակառակը, կոչ է արել ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերել՝ սկսելով զինադադարից, ապա խաղաղության համաձայնագրից, որը ներառում է անվտանգության երաշխիքներ:
«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղություն, բայց թույլ համաձայնություն չենք ուզում»,- լրագրողներին ասել է Մակրոնը։
--00—ՍՊ